«Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները»,-այդ մասին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությունում շեշտել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին, ցանկանում են ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում են չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ:
«Առաջին կետը՝ չափավոր դիսկուրսն է, չափավոր հռետորաբանությունն է, փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կարևոր օրինակ՝ գերիների հարցը. վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը: Եվրամիությունն այլ գործընկերների հետ խոսել է գերիների հետ կապված, ինչպես նաև ականապատման քարտեզների շուրջ: Հուսով ենք՝ պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:
Երկրորդ կետը՝ սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսությունների գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որ երկու կողմերի զինված ուժերը նահանջեն, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:
Երրորդ կետը, որ կուզեի նշել, մեր կարծիքով, կարևոր է կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները, տրանսպորտի ոլորտի հարցը: Գուցե կան այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու տնտեսական աճին և երկխոսությանը:
Եւ չորրորդ կետը՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել: Եվ ես նշում եմ նաև, շատ ուշադիր եմ այն թեմաների շուրջ, որ Դուք ներկայացրեցիք, ինչպես օրինակ, մշակութային ժառանգության հարցը, որը թերևս պետք է հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ»,-նշել է Եվրախորհրդի նախագահը:
Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հայտարարություններն ամբողջությամբ՝ տեսանյութում: