ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշների գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ, մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների դեպքում էլ վճարելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։ Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց պայմաններում համարանիշների գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։
Ինչպես նշել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, որոշմամբ զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի վճարի դիմաց՝ 12 հազար դրամ, կհատկացվի համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ:
«Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է Ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշման գործողությունը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»,-ասել է Վահե Ղազարյանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել.
«Գիտեք, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշները և սեփականատերերից դրամ շորթելով՝ վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները մի քանի այդպիսի խմբեր բացահայտել և ձերբակալել են, բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել հետևյալ որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ այդ պարագայում քաղաքացին ոչ թե ստիպված կլինի համարանիշի վերադարձի համար մեծ գումար վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է այդ խնդիրն արմատապես լուծելու համար»: