Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները․ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում Ադրբեջանի նախաձեռած սադրիչ քայլերին՝ հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
Դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այսօր առավոտյան 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։
Ի դեպ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պնդելով, իբր, Հայաստանի զինված ուժերն են կրակ բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, հայտարարել է, թե «վերջին օրերին անընդմեջ գնդակոծելով ադրբեջանական բանակի դիրքերը, հայկական կողմը փորձում է կոտրել տարածաշրջանում փխրուն խաղաղությունը»։