«Շատ ծանր, բայց նաև պատվաբեր փուլ է լինելու»․ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ - RadioVan.fm

Онлайн

«Շատ ծանր, բայց նաև պատվաբեր փուլ է լինելու»․ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ

2021-07-14 15:54 , Политика, 1161

«Շատ ծանր, բայց նաև պատվաբեր փուլ է լինելու»․ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշմամբ Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի (ԱԳ) նախարարի առաջին տեղակալ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին:

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Նախորդ տարվա իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արմեն Ղևոնդյանն իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքը եղել է համակարգային, աշխատել են բոլոր ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի:

Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է.

«Կարելի է ասել՝ որոշների հետ աշխատանքային փորձ ունենք, որոշակի աշխատանքներ կատարել ենք այս ընթացքում: Անվտանգության խորհուրդը մեծ հաշվով կտրված չի եղել արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համատեղ աշխատանքի համար: Իհարկե, այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու: Համոզված եմ՝ մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է Կառավարության ծրագրում, համատեղ իրականություն ենք դարձնելու: Շատ ծանր և դժվարին, բայց նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու: Համոզված եմ՝ համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»:

Հիշեցնենք՝ այս ընթացքում ՀՀ դիվանագիտական գերատեսչության միակ պատասխանատուն նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն էր․ մայիսի 27-ին հրաժարական էր ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: 4 օր անց՝ մայիսի 31-ին, արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նա խոսել էր պատճառների մասին, մասնավորապես ասել, թե իր որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Նույն օրը նախագահ Սարգսյանը ստորագրել էր Այվազյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այդ օրը Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ այլևս չի կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները:

Հունիսի 7-ին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաստատել էր լուրերը, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, սակայն, ստորագրել էր արտգործնախարարի 4 տեղակալներից 3-ի ազատման որոշումները։ Հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ավինյանը հայտնել էր, թե ինչու չի ստորագրել պարոն Ղևոնդյանին աշխատանքից ազատելու դիմումը։

«Չէր կարող ԱԳՆ-ում, առհասարակ, պարտականություններ կատարող չլիներ, դա է հիմնական պատճառը»,-պարզաբանել էր նա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть