Հայաստանն արժևորում է Ձեր անձնական ներդրումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում. Սարգսյանը և Փաշինյանը շնորհավորել են Մակրոնին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանն արժևորում է Ձեր անձնական ներդրումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում. Սարգսյանը և Փաշինյանը շնորհավորել են Մակրոնին

2021-07-14 15:44 , Политика, 942

Հայաստանն արժևորում է Ձեր անձնական ներդրումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում. Սարգսյանը և Փաշինյանը շնորհավորել են Մակրոնին

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ նախագահ Էմանուել Մակրոնին այսօր շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը համախմբվեց ազատության, հավասարության և եղբայրության արժեքային առանցքի շուրջ՝ եվրոպական քաղաքակրթության համար ճանապարհ հարթելով դեպի մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա։ Իսկ այսօր, Հայաստանը, իր հավատարմությունը ցույց տալով նույն անբեկանելի արժեքներին, վճռական քայլերով շարունակում է առաջ ընթանալ ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդման ուղիով։

Անվիճելի է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների և դարավոր բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ։ Երկու պետությունների միջև բացառիկ քաղաքական երկխոսությունը թույլ է տալիս հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ծրագրերի ու հարցերի շուրջ։

Անցած տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում Հայաստանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին պատմական այս դժվար շրջափուլում:

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ամուր ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ջանքերը հայ ռազմագերիների տուն վերադարձի և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Ակնկալում եմ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով։

Մեծարգո պարոն նախագահ,

Ֆրանսիայի միասնականությունը և հերոսական պատմությունը խորհրդանշող տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անկոտրում կամք և հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»»,-ասված է Փաշինյանի ուղերձում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ, ջերմորեն շնորհավորելով և լավագույն մաղթանքները հղելով Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի, նշել է

«Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը հսկայական ներուժ են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:

Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը և մասնավորապես Ձեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:

Հուսով եմ, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացնենք նոր գաղափարներով և նախաձեռնություններով:

Մեծարգո պարոն Նախագահ,

Լիահույս եմ, որ շատ մոտ ապագայում առիթ կունենանք ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնք տարբեր առիթներով հնարավորություն ենք ունեցել քննարկել: Հատկապես կցանկանայի նշել ATOM (Advanced tomorrow - Ժամանակն առաջ) նախագահական նախաձեռնությունը, սննդի անվտանգությունը, փոքր և հաջողակ պետությունների ակումբի ստեղծումը, «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագիրը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:

Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություն, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

Лента

Рекомендуем посмотреть