Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հայտարարությունում:
Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչությանը, հայտնել էին, թե «հուլիսի 13-ին ժամը 21։34 և 23։45 անօրինական հայկական զինված ստորաբաժանումները Ադրբեջանի այն տարածքներից, որոնցում ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, գնդացիների և ավտոմատների կիրառմամբ գնդակոծել են ադրբեջանական բանակի՝ Շուշիի մերձակայքում գտնվող դիրքերը»։
Հավելենք՝ Շուշիի մոտակայքում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության մասին այդ րոպեներին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գեղամ Ստեփանյանը։