Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։
«Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ»,-գրում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ Ալիևն ու Օվերչուկը նաև քննարկել են երկու երկրների երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ գոհունակությամբ նշելով, որ Ադրբեջանից Ռուսաստան առևտրաշրջանառությունն ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումն աճում է։
Հիշեցնենք՝ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել։
Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները Մոսկվայում հունվարի 30-ին կայացած հանդիպմանը որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: