Ըմբշամարտիկ, Ազգային ժողովի նախկին իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․
«Ահա և վերջ…
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:
Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:
23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…
Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:
Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:
Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:
Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այսմեծ նվաճումները:
Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:
Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:
Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:
Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան, որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:
Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին:
Հանրագումարի բերելով նվաճումները.
-Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո),
-Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ,
-Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ,
-Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ,
-Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ,
-Ունիվերսիադայի բրոնզե մեդալ,
-Երիտասարդների աշխարհի չեմպիոն,
-Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ,
-Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն,
-Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ,
-ԵՊՀ Ոսկե մեդալ,
-ՀՀ 2012թ լավագույն մարզիկ,
-Սպորտի վաստակավոր վարպետ»։