Պարեկային ծառայության մեքենաների և պարեկների համազգեստի տեղեկույթում գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտեն հիշեցնում է ՀՀ պետական լեզվի մասին - RadioVan.fm

Онлайн

Պարեկային ծառայության մեքենաների և պարեկների համազգեստի տեղեկույթում գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտեն հիշեցնում է ՀՀ պետական լեզվի մասին

2021-07-09 17:54 , Общество, 1230

Պարեկային ծառայության մեքենաների և պարեկների համազգեստի տեղեկույթում գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտեն հիշեցնում է ՀՀ պետական լեզվի մասին

Լեզվի կոմիտեն հայտարարություն է տարածել «Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի լեզվական ձևավորման մասին»։

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։

Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։

Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։

Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»։

Հայտնել էինք, որ Երևանում ներդրվել և հուլիսի 7-ից տրվել է նոր՝ 700 թվակազմով Պարեկային ծառայության մեկնարկը՝ նոր համազգեստով, տեխնիկական նոր միջոցներով։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Պարեկային ոստիկանությունն իր որակով նոր խոսք պետք է բերի Հայաստանին։ Երեկ էլ, այցելելով Երևանի Պարեկային ծառայության գունդ, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում:

«Ռադիո Վան»-ի լրատվական ծառայությունն այսօր արձանագրել է պարեկային ծառայողների աշխատանքը մայրաքաղաքի փողոցներում․ կեսօրին մոտ խափանված է եղել Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկի լուսացույցների աշխատանքը, երթևեկությունը կարգավորել են նոր պարեկները։

Лента

Рекомендуем посмотреть