Աշնանը Հայաստանը ձեռք կբերի մեկ ներարկմամբ կիրառվող Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Այդ մասին այսօր կորոնավիրուսային հիվանդության, պատվաստանյութերի ու պատվաստումների ընթացքի վերաբերյալ հրավիրված մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ 300 հազար դեղաչափ էլ Novavax-ի արտադրության պատվաստանյութ կներկրվի Հայաստան: Սա երկանգամյա ներարկումով է արվում:
Ընդհանուր առմամբ, մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել COVID-19-ի դեմ 279 460 դեղաչափ պատվաստանյութ, որից 26,6%` 74400 դեղաչափ անգլո-շվեդական արտադրության AstraZeneca (37200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով), 37,5%` 105060 դեղաչափ ռուսական արտադրության Sputnik-V(52530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով), 35,7%` 100000 դեղաչափ չինական արտադրության Coronavac՝ (50000 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով):
Նշենք, որ հուլիսի 7-ին ստացվել է ևս 15000 դեղաչափ Sputnik-V պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15000 անձի համար:
Հանրապետության մարզերի և Երևանի բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են բավարար քանակության նշված 3 պատվաստանյութերով:
COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, անվճար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Պատվաստումներ են իրականացվում նաև շարժական պատվաստումային կետերում, որոնք տեղակայված են Երևանի Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում:
Ավանեսյանի փոխանցմամբ՝ հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում 103 317 պատվաստում է արվել, պատվաստվել է բնակչության շուրջ 3,5 տոկոսը: Պատվաստումներից 74 479-ը առաջին դեղաչափ է, 28 838-ը՝ երկրորդ: