«Հադրու՛թն էլ ենք հետ բերելու, Շուշի՛ն էլ, ցավն էն է, որ մեր տղաներին հետ չենք բերի»․ Յուրա Ալեքսանյանը՝ հետպատերազմյան տրամադրության ու անելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

«Հադրու՛թն էլ ենք հետ բերելու, Շուշի՛ն էլ, ցավն էն է, որ մեր տղաներին հետ չենք բերի»․ Յուրա Ալեքսանյանը՝ հետպատերազմյան տրամադրության ու անելիքների մասին  

2021-07-08 18:37 , Общество, 1555

«Հադրու՛թն էլ ենք հետ բերելու, Շուշի՛ն էլ, ցավն էն է, որ մեր տղաներին հետ չենք բերի»․ Յուրա Ալեքսանյանը՝ հետպատերազմյան տրամադրության ու անելիքների մասին

«Կոկորդներիս մնաց էս ամեն ինչը, չեմ մասնակցում ոչ մի ուրախության հրավերքի»,-անկեղծանում է արցախյան բոլոր մարտերի բովով անցած Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, որի հետ օրերս հանդիպեցինք Գյումրիում։

Հումորի հրաշալի զգացողություն ունեցող հրամանատարի հետ վերջին հանդիպումը եղել էր 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո՝ մայիսին, երբ նա, բարձր տրամադրությամբ ու լավատեսությամբ լի, ուղեկցում էր ինձ արցախա-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետերում։ Բայց այս անգամ 2020-ի 44-օրյա պատերազմն իր կնիքն էր թողել 52-ամյա խիզախ հայորդու աչքերում․ տխրություն, անդառնալի կորուստների ցավ։

Ասում է՝ 2020-ի պատերազմի ընթացքում հումորների ընկալումն էլ այլ է եղել․ «Կռվի դաշտում միշտ էլ հումորը բարձրացրել է մարդկանց տրամադրությունը, աշխատում էինք պատմել, բայց էս անգամ տխուր էր, վայրկյան հետո էդ հումորը մոռացվում էր»։

Յուրա Ալեքսանյանը, թեև 2020-ի պատերազմի մասշտաբները պատկերացրել է, այդուամենայնիվ, սահմանների «ձևման», թշնամուն այդքան մոտ տեսնելու այսպիսի ելք չի կանխորոշել․ «Մենք 100 կմ-ից ավել առաջնագիծ ունեինք, հիմա 4 կողմը դրանց դրոշներն են, դրանց զինվորներն են, շատ մոտ են, տեղ կա՝ 10 մետր հեռավորության վրա․․․ Չենք հաշտվել ու չենք էլ հաշտվելու թուրքը մեր թշնամին է, մինչև մահ ու գերեզման չեմ հաշտվելու, թե թուրքի հետ կարելի է բարեկամանալ, հաշտություն կնքել»։

Ինչու՞ պարտվեցինք հարցին, կոնկրետ մեղավորների չառանձնացնելով, պատասխանում է․ «Բոլորս էինք մեղավոր»։

«Մենք՝ հաղթած բանակի զինվորներս, պարծեցել ենք, որ հաղթող ենք, իսկ թուրքը 30 տարի պատրաստվել ու պատրաստվել է»,-նկատում է Յուրան, ով մարտի մեկնելիս՝ խոստում է տվել ոչ մի հերոս հայորդու դի չթողնել կռվի դաշտում, մարտական ընկերներին էլ խնդրել է, որ իր զոհվելու դեպքում՝ իր մարմինը ևս չթողնեն թշնամուն։

«Ամեն ինչ արել ենք, բոլորի մարմինները դուրս ենք բերել»,-նշում է նա։

Հրամանատարը հավատում է՝ մեր կորցրածը մի օր հետ ենք բերելու․ «Հողերը հիմա իրենց ձեռքում են, վաղը մեր ձեռքում կլինեն։ Հադրու՛թն էլ ենք հետ բերելու, Շուշի՛ն էլ, ցավն էն է, որ մեր տղաներին հետ չենք բերի»։

Յուրա Ալեքսանյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть