Գյումրիի կենտրոնական հրապարակում գտնվող սև քարե շենքի կարմիրով ու դեղինով ներկված դռները այցելուներին տանում են դեպի ստեղծագործական մտքի, յուրօրինակ հանգստության, գույների ու ներդաշնակության մի անկյուն․ Գյումրու ավիամոդելային խմբակի մի սրահում մասնագիտությամբ իրավագետ Արսեն Վարդանյանի ու նկարչուհի Սյուզաննա Իգիթյանի նախաձեռնությամբ ծնունդ են առնում «փոքր լեննագանցիներ»-ը, որոնց առաքելությունն է ժպիտ ու բարություն փոխանցել իրենց ապագա ընկեր-գնորդներին։
«Հայբուսակ» համալսարանի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտ Արսեն Վարդանյանը (Շիրակի Բազե), 3 տարի աշխատելով իրավագիտության ոլորտում, տարիներ առաջ որոշում է կայացնում թողնել այդ ոլորտը ու լծվել այն խնդիրների լուծմանը, որոնց անհրաժեշտությունը նկատել էր, բայց դրանց ընթացք տալու քայլերը՝ ոչ։
«Մտածեցի՝ կարելի է սկսել, գտնել 0 դրամ արժեք ներկայացնող ռեսուրսներ ու գնալ այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում պատմում է 30-ամյա Արսենը, ով, ահա, սկսել ու կյանքի վերջին 8 տարիները ծառայեցրել է հոգատարություն, սեր ու բարություն փոխանցող հանրօգուտ գործունեությանը։
«Կատակում են գյումրեցիները», «Գյումրին մեր տունն է», այժմ՝ «Շիրակը մեր տունն է», պլաստիկե շշերից ստացված թելերով ու խցաններով «հյուսված» գորգեր, «Գյումրիկներ»․ այս ու էլի մի քանի նախաձեռնությունների համահեղինակ Արսեն Վարդանյանն իր արած գործերի մասին շատ խոսել չի սիրում, ինչպես որ չի սիրում խոսել վատ բաների մասին։
Ասում է՝ «Բացասականը կուլ է տվել մեզի, գուզենք դրագանը փոխանցենք»։
Իսկ 2020-ի 44-օրյա պատերազմը, որին Արսենը շուրջ 22 օր մասնակցել է ամենաթեժ կետերում՝ Մարտունի, Կարմի Շուկա և այլուր, նրա կյանքում փոխել է արժեվորելու նշանակությունը․
«Եթե մինչև պատերազմը մեզ կարող էինք որոշակի բաներ թույլ տալ կամ չտալ, հիմա անմտություն է այդկերպ վարվելը։ Փոխվեց ամենակարևորը՝ գործ անելն ավելի կարևոր է, քան խոսելը, սիրուն ներկայացնելը»։
Գյումրեցի երիտասարդը, որն իր զանազան դրական նախաձեռնությունների շուրջ այսօր համախմբել է ավելի քան 1000 քաղաքացու, նկատում է՝ ներկայում հանրույթը պետք է կենտրոնանա օրվա ընթացքում, գոնե, նվազագույնը, 1 լավ բան անելու վրա․ «Եթե Հայաստանում կամ Հայաստանով ապրող 3 մլն մարդ 1 լավ բան անի՝ 365 օր հետո 1 մլրդ-ից ավելի լավ բան կունենանք մեր երկրի համար։ Կամ լուռ լավ բան ես անում, կամ՝ չես աղմկում»։
Բազմաթիվ նպատակներ իրագործած հայրենասեր ու ստեղծագործ երիտասարդը նաև համամարդկային մեկ երազանք ունի․
«Ընձի համար կարևոր է մարդու ստեղծագործական անդորրը, մարդիկ լի էղնին, հա՛մ աչքները լի էղնի, հա՛մ՝ հոգիները, օր ագրեսիան քիչըմ քըչընա։ Մեզի քիչըմ հանգստանալ է պետք, խաղաղվել է պետք»։
Արսենը տարօրինակ է համարում, որ «ստեղծագործող մարդը սոված կմեռնի, մե քանիմ ժամանակ հետո 8-9 մլն արժողությամբ հուշատուն կսարքեն»։
«Կենդանության օրոք նայեիք էդ մարդուն՝ ավելի երկար տարիներ ավելի լավ բաներ կստեղծեր»,-ասում է նա։
Արսենը, ով ժամանակին Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգողն է եղել, տարօրինակ է համարում նաև Հայաստանի հանդեպ շատ հայերի ունեցած վերաբերմունքը։
Ընդգծում է․ «Տարօրինակ է, երբ օր ամբողջ աշխարհի ուշադրությունը, միտքը, գործունեությունը, ինչու չէ՝ ագրեսիան ուղղված է դեպի մեզի, այսինքն` լավ տեղ է, չէ՞, օր կպայքարեն էս ամեն ինչը իրանցով էրած էղնին, իսկ մենք կըսենք՝ վատն է, ըստեղ էնելու բան չկա, անհետաքրքրիր է։ Մեզի պետք է օր մե գրամըմ ավելի շատ արժեվորենք ինչ օր ունինք, ու լավ կեղնի»։
Արդյո՞ք դա խորհուրդ է մարդկանց հարցին՝ Արսենը համեստորեն պատասխանում է․
«Պատերազմից հետո դժվար թե կըրնանամ խորհուրդ տամ որևէ մեկի, միայն կըրնամ օրինակ ծառայել․ կամ էս ճանապարհով գուկաք, կամ՝ լավ ճանապարհ գիդեք՝ ես գուկամ ձեզի հետ, բայց լավ կեղնի էդ ճանապարհները միշտ էղնին լավը, ամբիցիաները դրվին մի կողմ»։
Թե ինչպես են օդում տարածվող գյումրվա անեկդոտները մեկտեղվում, ինչպե՛ս է լուծվում բնապահանական կարևոր խնդիրներից մեկը, ինչպե՞ս է Ամասիա համայնքը դառնալու խցաններով խճանկարների գյուղ, ինչպես/ինչով լրացնել հարազատ հոգու պակասը, ի՞նչ մուլտֆիլմ է նախատեսվում նկարահանվել՝ բացահայտեք Արսեն Վարդանյանի հետ զրույցից։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան