«Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր»․ ԱՄՆ-ում վախճանվել է Ջիվան Գասպարյանը - RadioVan.fm

Онлайн

«Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր»․ ԱՄՆ-ում վախճանվել է Ջիվան Գասպարյանը

2021-07-06 13:55 , Культура, Шоу бизнес, 1584

«Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր»․ ԱՄՆ-ում վախճանվել է Ջիվան Գասպարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

Նշվում է, որ Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը։

«Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք:

Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում:

Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին: Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ»,-ասված է Փաշինյանի ցավակցականում։

«Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը:

Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական երաժշտությունը դուրս հանեց միջազգային բեմահարթակ, աշխարհի բեմեր և համաշխարհային կինո՝ տասնամյակներ շարունակ մեր ազգային մշակույթը հասանելի ու հասկանալի դարձնելով նաև օտար հանդիսատեսին:

Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը:

Ցավակցում եմ Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, մեր երկրում և աշխարհում նրա արվեստի երկրպագուներին և կիսում բոլորի վիշտը»,-ասված է նախագահ Սարգսյանի՝ ժողովրդական արտիստի մահվան կապակցության հղած ցավակցականում։

Лента

Рекомендуем посмотреть