Այսօր հուլիսի 5-ն է՝ Հայաստանի մայր օրենքի ընդունման օրը․ 1995-ի հուլիսի 5-ին՝ անկախության հռչակումից 4 տարի անց, ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ օրը տոնացույցում ամրագրելով որպես պետական տոն, ոչ աշխատանքային օր։
Այս ընթացքում ՀՀ Սահմանադրությունը հանրաքվեների միջոցով փոփոխվել է, առաջին անգամ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդ անգամ՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Օրվա առիթով ուղերձներ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Փաշինյանի ուղերձում ասված է․
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,
շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում:
Մեր առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում և առաջին հոդվածում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելու նյութականացման շուրջ պիտի համախմբենք մեր ազգային լավագույն ներուժը, և այդ համախմբումը պիտի տեղի ունենա համաձայն ժողովրդի կամքի և ոչ թե ի հեճուկս նրա:
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը: Այս օրակարգերի պատշաճ սպասարկումն է, որ պիտի ապահովի մարդու, մարդկային ներուժի զարգացման համար անհրաժեշտ իրավական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային պայմանների հասանելիությունը, և այս օրակարգի վրա պիտի աշխատենք օրնիբուն՝ մեր երկրի անվտանգությունն ու հզորությունը, մարդու և քաղաքացու ազատությունը, երջանկությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:
Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,
խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով»:
Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, նկատելով, որ հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը՝ ընդգծել է՝դրանք ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում․
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է...
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին...
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է...»:
«Վերոնշյալ սկզբունք-կարգավորումներից բացի, Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է: Այն պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին և ուղղված լինի վերոնշյալ անփոփոխելի դրույթներով ամրագրված սկզբունքների իրագործմանը:
Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:
Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:
Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը:
Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար:
Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործել այն, դարձնել երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին առավել համահունչ՝ միաժամանակ, անվերապահորեն հավատարիմ մնալով Սահմանադրության անփոփոխելի հոդվածներով ամրագրված սկզբունքներին:
Ի վերջո, Սահմանադրությունը պետք է ոչ միայն հռչակի այդ հիմնարար սկզբունքները, այլև ունենա դրանք պաշտպանելու և կյանքի կոչելու բավարար գործուն կառուցակարգեր:
Աշխատանքը մեր պետականության ամրապնդման ուղղությամբ պետք է լինի շարունակական: Իսկ այսօր առավել ևս պետք է լինենք միասնական, կարգապահ ու աշխատասեր, զինվենք դժվարությունները հաղթահարելու համառությամբ, Հայրենիքի հանդեպ սիրով ու լավատեսությամբ:
Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման, մեր ազգային ինքնության վերաիմաստավորման, ազգային գաղափարախոսության սահմանման և հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա ապահովելու համար:
Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, դրանով մեր իրավունքներին տեր լինելը և, միաժամանակ, մեր պարտականությունները կատարելն այդ գործընթացների անբաժանելի մասն են»,-ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում: