Խմելու ջրի պղտորվածության պատճառով Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է։ Այդ մասին տեղեկանում ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից։
«Քանաքեռ-Զեյթունի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:
Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:
Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:
Իրավիճակը վերահսկողության տակ է»,-ասված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունում։