«Կորոնան, պատերազմը․․․էսօր-էգուց էին անում»․ ավելի քան 1,5 մլն դոլար վճարած 80 քաղաքացի՝ կառուցապատողից խաբված - RadioVan.fm

Онлайн

«Կորոնան, պատերազմը․․․էսօր-էգուց էին անում»․ ավելի քան 1,5 մլն դոլար վճարած 80 քաղաքացի՝ կառուցապատողից խաբված  

2021-07-01 18:01 , Общество, 1829

«Կորոնան, պատերազմը․․․էսօր-էգուց էին անում»․ ավելի քան 1,5 մլն դոլար վճարած 80 քաղաքացի՝ կառուցապատողից խաբված

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 26/13 հասցեում բնակարան ունենալ երազողներն ու այդ նպատակով գումարներ ներդրած քաղաքացիներն այս օրերին դատարանների, իրավապահ կառույցների շենքերի առջև են․ կառուցապատող ընկերությունը՝ «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ն, նրանց խոսքով՝ խաբել է իրենց։

Ավելի քան 80 քաղաքացուց 2019-ից սկսած մոտ 1,5 մլն դոլար ստացած ընկերությունն այսօր ո՛չ վերադարձնում է գնորդների ներդրած գումարները, ո՛չ էլ՝ շինարարությունն է ավարտին հասցնում, մինչդեռ, պայմանագրային պարտավորության համաձայն՝ բնակարանները պետք է շահագործման հանձնվեին դեռ երեք ամիս առաջ՝ 2021 թվականի մարտ-ապրիլին։

Ընկերության տնօրեն հանդիսացած Ռադիկ Գևորգյանի հետ կնքած կանխավճարի և փոխառության պայմանագրերն այդպես էլ իրավական ուժ չեն ստացել, չեն դարձել առք ու վաճառքի պայմանագրեր, իսկ ներկայում տնօրենը փոխվել է, քաղաքացիներն էլ նրան ոչ տեսել են, ոչ՝ լսել, միայն գիտեն՝ ոմն Էռնեստ է։

Ընկերությունից շենքի կառուցումը ձգձգելու փաստը սկզբում հիմնավորել են կորոնավիրուսի համավարակով, հետո՝ պատերազմով, հետո էլ՝ առաջացած ֆինանսական խնդիրներով։

Այս ընթացքում գնորդները պարզել են, որ ընկերության կողմից վարկային պարտականությունները չկատարելու հետևանքով տարածքը գրավադրված է այլ ֆինանսական կազմակերպությունում, գործընթացը սնանկության է գնում։

«Ասիամեգաստրոյ»-ը, բնակարաններ ամրագրելու որոշման հարցով, այլ գնորդի առկայության հիմնավորմամբ, նույնիսկ շտապեցրել է քաղաքացիներին, բնակարանի արժեքի 50%-ը վճարողներին էլ՝ զեղչեր արել։

27 հազար դոլար, 70 հազար դոլար, 34 մլն դրամ, 16 մլն դրամ․ ընդհանուր առմամբ, վերոնշյալ հասցեում բնակարաններ գնելու նպատակով քաղաքացիները 1,5 միլիոն դրամից սկսած մինչև 80 մլն դրամ գումար են վճարել։

Կառուցապատողի գործողություններից տուժած քաղաքացիների մի մասն այսօր կառավարության շենքի առջև էր։ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում Իշխան Նադարյանն ընդգծեց՝ բոլոր փաստերը համադրելով՝ հասկանում են, որ գործ ունեն կանխամտածված խարդախության փաստի հետ։

Ասաց՝ դիմումներ են ներկայացրել ոստիկանություն, դատախազություն, այսօր էլ նամակ են հանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքացիների խնդրանքն է, որ գործադիրը ներդրողներ գտնի, խրախուսի կառուցապատողներին՝ ավարտին հասցնել «Ասիամեգաստրոյ»-ի խոստացած 17 հարկանի

շենքի կառուցումը, որի միայն 2 ստորգետնյա և մեկ վերգետնյա հարկն է ներկայում կառուցված։

«Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի գործողություններից տուժած քաղաքացիների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ «Ասիամեգաստրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) Հայաստանում հիմնվել է 2019 թվականին՝ բնակչությանը մատչելի, անվտանգ և հարմարավետ բնակարաններով ապահովելու նպատակով։

Ընկերության ինտերնետային պաշտոնական կայքէջը, որը պարբերաբար գովազդվել է Ընկերության ֆեյսբուքյան էջում, այժմ գոյություն չունի, իսկ մեր զանգերը՝ առկա հեռախոսահամարներին, նյութը հրապարակման ներկայացնելու ընթացքում, այդպես էլ անպատասխան մնացին։

Ի դեպ՝ Ընկերության կառուցապատած և շահագործման հանձնած բազմաբնակարանների մասին տեղեկություն ևս մեզ չհաջողվեց գտնել․ համացանցային որոնումներից պարզ դարձավ միայն, որ այն գործունեություն է ծավալել Ղազախստանում, ինչի մասին գնորդներին ևս ասվել էր, Հայաստան տեղափոխվելու փաստն էլ հիմնավորվել՝ այստեղ իրականացված իշխանափոխությամբ (պարզ դարձավ տեսանկարահանուց դուրս նրանց հետ ունեցած զրույցներից)։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть