«Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերն, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության, պետք է մնային հայկական կողմի տիրապետության տակ, սակայն հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո այդ գյուղերը զոհերով ու գերիներով անցան թշնամուն։
Ինչու՞ այդպես եղավ, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն, ինչո՞ւ չենք պահանջում ռուսներից, որ կատարեն հայտարարության կետերը»․հարցն այսօր հրավիրված առցանց մամլո ասուլիսում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանին ուղղել էր օգտատերերից Դավիթ Շադյանը։
Բեգլարյանը, դա համարելով հետպատերազմյան Արցախի ցավոտ հարցերից մեկը, ընդգծեց, որ ինքը նույնպես չունի այդ հարցերի պատասխանները, բայց նշեց, թե տեսակետ կա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության քարտեզներով նախատեսված չի եղել, որ Խծաբերդը և Հին Թաղերը լինելու են մեր տարածքում։
Բեգլարյանի խոսքով՝ ևս մեկ տեսակետ կա, ըստ որի՝ ադրբեջանական զորքերն օգտնվել են տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից, շարունակել են մարտական գործողություններն ու բռնազավթել են Հադրութի այդ պատառիկը, որը կարողացել էինք պատերազմի ընթացքում պահել։
Արցախի պետնախարարը, նշելով, որ հարցերի պատասխանները պետք է տան բանակցություններում ներգրավված պաշտոնատար անձինք, շեշտեց՝
«Հադրութի այդ հատվածը, ինչպես նաև պատերազմի ընթացքում ու պատերազմի հետևանքով քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում հանձված տարածքները բռնազավթված են։ Դա առաջիկայում օրենքի մակարդակով կամրագրվի»։
Արտակ Բեգլարյանի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ 2021-ի մարտի 1-ին Արցախի Ազգային ժողովը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարություն է ընդունել՝ դրանք համարելով օկուպացված/բռնազավթած: