«Այո, վստահաբար ես ասում եմ՝ Արցախի իշխանությունը, Արցախի ժողովուրդը չի ընդունելու, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ»,-այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ այս պահին պայմաններն ավելի դժվար են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ հնարավորություն չունեն պայքարելու։
«Ճանապարհն ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց մյուս կողմից մենք ունենք լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ մեր ինքորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու համար։ Գոնե փաստարկների առումով սա ընկալելի է միջազգային հանրության համար, քանի որ հակամարտության կարգավորման 3 սկզբունքներից 2-ն արդեն ժամանակավրեպ են, այսինքն, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով»,-ասաց Արցախի պետնախարարը՝ շեշտելով, որ այս պահին մնացել է ազգերի ինքորոշման իրավունքը։
«Սա շատ լավ գիտակցում են Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը։ Այս ուղղությամբ մենք մեր պայքրաը շարունակելու ենք։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է գործուն ջանքեր գործադրի։ Հույս ունենք, որ առաջիկայում որոշակի դրական առաջընթաց լինելու է այս մասով»,-նշեց նա։
Արտակ Բեգլարյանի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ու տարածքային ամբողջականության վերականգնումը Արցախի իշխանությունների համար առաջնահերթություն են մնում։
Հավելենք՝ Արտակ Բեգլարյանը, ով 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր, Արցախի պետական նախարարի պաշտոնում աշխատում է արդեն 1 ամիս։