Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ 35-ամյա Իվանկա Թրամփը, նշանակվել է նախագահի հատուկ խորհրդական: Նորանշանակ խորհրդականն իր գործունեության ընթացքում պետք է առաջնորդվի էթիկայի նույն կանոններով, որոնք նախատեսված են պետական ծառայողների համար, հայտարարել է Սպիտակ տունը:
Իվանկա Թրամփը, սակայն, աշխատանքի դիմաց աշխատավարձ չի ստանալու: Այս մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը մարտի 29-ին հրապարակվել է ամերիկյան The New York Times թերթի կայքում: Հրապարակումից պարզ է դառնում, որ Իվանկա Թրամփը կկատարի Միացյալ Նահանգների ղեկավարի խորհրդականի դեր եւ պաշտոնապես կհամարվի պետական ծառայող: Նա կվարի նախագահի հատուկ օգնականի պաշտոն, ով Սպիտակ տանը կունենա սեփական աշխատասենյակը:
«Լսել եմ, որ ոմանք կասկածներ ունեն այն բանի առթիվ, որ ես նախագահի խորհրդական եմ լինելու որպես մասնավոր անձ՝ բոլոր Էթիկական նորմաների կամավոր պահպանմամբ, ուստի դրա փոխարեն ես կլինեմ Սպիտակ տան չվճարվող աշխատակցուհի, որի նկատմամբ կիրառելի են այն բոլոր կանոնները, ինչ եւ ֆեդերալ մյուս ծառայողների նկատմամբ»,- ասված Է Թրամփի դստեր հայտարարության մեջ: