«Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ, քանի որ հակամարտությունն ավարտվել է։ Եթե հակամարտությունն ավարտվել է, ի՞նչ կարիք կա, որ նախագահ Ալիևը կրի զինվորական համազգեստ»,-այդ մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ արած հայտարարություններին։
Հիշեցնենք՝ հունիսի 26-ին, ադրբեջանական բանակի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, թե Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ, հրաժարվել տարածքային պահանջներից և ընդհանրապես չգործածել Լեռնային Ղարաբաղ (ԼՂ) արտահայտությունը, հայտարարել է․
«Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա, և ԼՂ հակամարտություն գոյություն չունի, այն լուծված է, Հայաստանը պետք է դա ընդունի և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ։ Պետք է ստեղծվի սահմանների սահմանազատման աշխատանքային խումբ և աշխատանքներ տարվեն խաղաղության համաձայնագիր պատրաստելու ուղղությամբ»։
Ամերիկացի դիվանագետը գրառմանը կցել է նաև վերոնշյալի մասին ադրբեջանական մամուլի հրապարակումը, որում Ալիևը զինվորական համազգեստով է։
Aliyev: Armenia must determine borders with Azerbaijan as conflict is over [UPDATE] https://t.co/SqFhzWfGI3 If the conflict is over, why the need for #Azerbaijan President Aliyev to wear a military uniform?
— Richard Kauzlarich (@richkauz) June 29, 2021
Նշենք՝ Ռիչարդ Կաուզլարիչը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն է եղել 1994–1997 թվականներին։