Հունիսի 19-25-ը Երևանի պետական համալսարանում առցանց ձևաչափով անցկացված Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում, որին մասնակցել են 88 երկրների 355 դպրոցականներ, Հայաստանի թիմն արժանացել է 3 մեդալի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ Սինգապուրի կազմակերպած մրցույթին «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Արայի Խալաթյանն արժանացել են բրոնզե մեդալների։
Նշվում է, որ օլիմպիադային մասնակցել է նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանը։
Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։
Հայաստանի թիմը ևս 2 մեդալի է արժանացել Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադայում, որն անցկացվում էր առաջին անգամ: Մրցույթը, որի կազմակերպիչն էր Շվեյցարիան, առցանց ձևաչափով կայացել է հունիսի 13-19-ը:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանն արժանացել է արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ամարաս Նազարեանսը՝ բրոնզե մեդալի: