Պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները․ Թաթոյանը՝ փաստերով - RadioVan.fm

Онлайн

Պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները․ Թաթոյանը՝ փաստերով

2021-06-29 14:25 , Политика, 849

Պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները․ Թաթոյանը՝ փաստերով

«Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել»,-դիտարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանինն (ՄԻՊ) է։

Արման Թաթոյանն օրինակով է փաստել․

«1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը:

Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի և գյուղացիների համար ունեցել են կեսնական կարևորություն: Ունեցել են անվտանգության նշանակություն:

Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից:

Այդ ժամանակվա Կառավարությունն հարցերը չի դիտարկել մարդկանց իրավունքների տեսանկյունից, կենսական այս հարցերի նկատմամբ ցուցաբերել է անհետևողականութուն:

Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից»:

Սա, Թաթոյանի պնդմամբ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ դրանք իրարից բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և ճանապարհների ու քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորություն:

«Սա էլ պատահական չի եղել, քանի որ կանգ չեն առել ու նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ:

Հայաստանյան կառավարութուններն էլ ամեն անգամ շարունակել են անուշադրության մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, նրանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով:

Հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները և հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել:

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար»,-ասված է ՀՀ ՄԻՊ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть