Էջմիածնում նռնակի պայթյունից երկու մարդ մահացել է: Ոստիկանությունից այսօր տարածած հաղորդագրությամբ մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցելհունիսի 26-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում։
«Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել: Երիտասարդը, այնուամենայնիվ, պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող 48-ամյա տղամարդը մահացել է, իսկ ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ հյուրասենյակից հայտնաբերվել է նռնակի մետաղական օղակը, իսկ միջանցքից՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրությունում: