«Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»․ Մարությանը զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

«Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»․ Մարությանը զգուշացնում է

2021-06-25 18:31 , Политика, 1110

«Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»․ Մարությանը զգուշացնում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել․

«Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:

Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար:

Սրա վերաբերյալ հայտնում եմ.

ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը:

բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու:

Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից»։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին կայացած Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Աջափնյակում օրեցօր ավելացող ապօրինի կրպակների ու շինությունների խնդրին և թվով 34 հասցեներում իրականացված քանդման և ապամոնտաժման հարցին, հայտարարել էր, որ «Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ»։ Նա նշել էր, որ նամակներ են ուղարկվել և՛ Գլխավոր դատախազին, և՛ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, և՛ ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։

Մարությանը միաժամանակ ընդգծել էր, որ դեպքեր են արձանագրեվել, երբ քաղաքապետարանի աշխատակիցների կյանքին վտանգ է սպառնացել։

«Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»,-նշել էր նա՝ շեշտելով, որ քիչ է մնացել մինչ այն պահը, որ կտրուկ գործողություններ անեն:

Հաջորդ օրն իսկ՝ հունիսի 23-ին, տեղեկացվեց Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում, նաև Շենգավիթ վարչական շրջանում համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակների ապամոնտաժման մասին։

Նախօրեին՝ հունիսի 24-ին էլ, միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել։

Այդպիսով՝ վերջին 6 ամիսներին միայն այդ վարչական շրջանում ապամոնտաժված ինքնակամ կառույցների թիվը դարձավ 34։

Лента

Рекомендуем посмотреть