«Պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որ մեզ այս ճակատագիրը բաժին չհասնի»․ Սարգսյանը՝ BBC-ին - RadioVan.fm

Онлайн

«Պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որ մեզ այս ճակատագիրը բաժին չհասնի»․ Սարգսյանը՝ BBC-ին

2021-06-25 13:44 , Политика, 1003

«Պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որ մեզ այս ճակատագիրը բաժին չհասնի»․ Սարգսյանը՝ BBC-ին

«Դուք ոչ մի պարագայում չէիք կարող ինձանից լսել խոսքեր այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները։ 2001-ին ես նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Մի՞ թե առավել բացահայտ հնարավոր էր դա ասել։ Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որ մեզ այս ճակատագիրը բաժին չհասնի»,-այդ մասին ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ցանկությունն ու հաշտեցման գործընթացի մեկնարկն է իրեն ստիպել 2018 թվականին, անսալով գործընկերների հորդորին, մնալ իշխանության նախագահական երկու ժամկետներից հետո, որպեսզի, նրա խոսքով՝ հարցի լուծումը կախված չի լինի գլխավոր բանակցողի փոխարինումից։

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այն ժամանակ բոլոր ազդակները կային հակամարտության կարգավորման համար, իսկ նոր իշխանությունները բանակցային գործընթացը խաթարեցին՝ թույլ տալով սխալներ, որոնք էլ դարձան պատերազմում պարտության պատճառներից մեկը։

ՀՀ երրորդ նախագահը պնդել է, որ իրեն, գրեթե, հաջողվել է լուծել հարցը, 2018 թվականին ընթացել են ակտիվ բանակցություններ, որոնք պետք է ավարտվեին խաղաղ կարգավորմամբ։

«Ադրբեջանցիները պիտի ճանաչեին, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, որը պիտի ունենա իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվելու։ Դա մեր նվազագույն շեմն էր»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իրենց ոչ ոք չի կարող մեղադրել «ոչմիթիզականության» կամ բանակցային գործընթացը միտումնավոր ձգձգելու մեջ։

«Հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ հանրաքվեի դիմաց՝ առանց հստակ ժամկետի, այնուհետ երկու շրջանի վերադարձ՝ հանրաքվեի և խաղաղապահների տեղակայման դիմաց»,-գործընթացը նկարագրել է Սարգսյանը:

Անդրադառնալով պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է․

«Մենք մեղադրում ենք կապիտուլյանտին ոչ թե նրանում, որ նա ստորագրել է եռակողմ փաստաթուղթը, երբ ադրբեջանցիներն արդեն Շուշին գրավել էին և իսկապես Ստեփանակերտին շատ մոտ էին, այլ այն իրավիճակի համար, որը նա ստեղծել է։ Ես երբեք չէի հայտնվի նման իրավիճակում։ Եւ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ այն բանի արձանագրում՝ ինչ երկու անգամ տեղի է ունեցել։ Առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-1994 թվականներին, մենք նախ կորցրեցինք Արցախի 50%-ը, բայց ուժ գտանք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք»։

«Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն Հայաստանի սխալների հետևանքով։ Ո՛չ։ Ադրբեջանը միշտ ուզում էր խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,-ասել է Սարգսյանը՝ պատերազմին միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության մեջ մեղադրելով Փաշինյանին, որը, ըստ նրա, արտաքին քաղաքական լուրջ սխալներ է թույլ տվել։

ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть