Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ), Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներն, այսօր քննարկում է ունեցել «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում վերջին օրերին էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումներին և սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներին, ջրանջատումներին առնչվող հարցերն են եղել:
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ ընկերությունների ներկայացուցիչներն ասել են, որ խնդիրները պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ընդգծվել է, որ ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ՝ իրավիճակը կայունացնելու համար:
Նպատակ ունենալով սպառողներին զերծ պահել նմանատիպ անհարմարություններից՝ կողմերը պայմանավորվել են, որ յսուհետ ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կձեռնարկեն համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով: