Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ նոր տառով հաշվառման համարանիշների թողարկման համար:
Ընդգծվում է, որ համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են:
Ըստ այդմ՝ բացի «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերից, համարանիշների թողարկման համար կարող են օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը:
Հիմնավորման համաձայն, արդյունքում ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում. հաշվառման համարնիշերի թողարկումը 8 նոր տառերով թույլատրելու դեպքում ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,702,576,000 դրամ, իսկ ծախսը՝ 2,093,007,904 դրամ։
Որոշման ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը: