Շինարարության, հանրային սննդի ոլորտում աշխատատեղերի աճ ունենք, վերականգնվում է զբոսաշրջության ոլորտը․ Փաշինյանը՝ մայիսին աշխատատեղերի աննախադեպ աճի մասին - RadioVan.fm

Онлайн

Շինարարության, հանրային սննդի ոլորտում աշխատատեղերի աճ ունենք, վերականգնվում է զբոսաշրջության ոլորտը․ Փաշինյանը՝ մայիսին աշխատատեղերի աննախադեպ աճի մասին

2021-06-24 14:52 , Экономика, финансы, 1387

Շինարարության, հանրային սննդի ոլորտում աշխատատեղերի աճ ունենք, վերականգնվում է զբոսաշրջության ոլորտը․ Փաշինյանը՝ մայիսին աշխատատեղերի աննախադեպ աճի մասին

«Կարևոր լուր կա. Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգի քննարկումը, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021 թվականի մայիսին ՀՀ-ում արձանագրված աշխատատեղերի ցուցանիշին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Փաշինյանի խնդրանքով ներկայացրել է ցուցանիշները, ըստ որոնց՝ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 000:

«Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632000 ցուցանիշը»,-ընդգծել է նա՝ հստակեցնելով, որ այդ ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից. մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 34000-ով, 2019 թվականի համեմատ՝ 37000-ով և 2018 թվականի համեմատ՝ 87000-ով:

Պաշտոնյանի փոխանցմամբ՝ աճել է նաև հայտարարագրված բոլոր աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ և 19 մլրդ, 22 մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատել է․

«Համեմատությունը 2020 թվականի սեպտեմբերի հետ հետևյալն է. սեպտեմբերին եղել է 631966, իսկ մայիսին՝ 634951, բայց մասնագետներն ասում են, որ սեպտեմբերը սովորաբար աշխատատեղերի ամենաբարձր ամիսն է: Ենթադրում ենք, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաև սեպտեմբերին, այսինքն՝ սեպտեմբերին ավելի բարձր ցուցանիշ կունենանք: Կրկին ուզում եմ արձանագրելու համար ասել, որ փաստորեն 2021 թվականի մայիսին մենք ունենք 86962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թվականի մայիսին: 2021 թվականին աշխատավարձերի ֆոնդը, 2018-ի մայիսի համեմատ, աճել է 38 մլրդ դրամով կամ 39 տոկոսով, և մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35714 դրամով կամ 20.2 տոկոսով:

Իհարկե, մենք այստեղ շարունակաբար միշտ այն հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են թվերն ապահովում ստվերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիվ և որքանով՝ նոր աշխատատեղերի շնորհիվ: Բայց, այնուամենայնիվ, պարոն Հովհաննիսյան, մեր վերլուծությունների, քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, և աշխատատեղերի աճն զգացվում է այդ ոլորտում: Նաև զբոսաշրջության դանդաղ, բայց հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Հաջորդ ամենախոշոր սեգմենտը հանրային սննդի ոլորտն է, որտեղ աշխատատեղերի աճ ունենք»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա: Հաղորդվել էր, որ ըստ այդմ՝ մայիսի տվյալներով եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 87 հազարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հայտարարել էր՝ «Մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել։ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր»։

Лента

Рекомендуем посмотреть