Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում, նաև Շենգավիթ վարչական շրջանում համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:
Որոշ հասցեներում ինքնակամ կառույցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:
«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,-ասված է տարածած հաղորդագրությունում: