Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»․ որոշումն այսօր ընդունվել է Երևանի ավագանու նիստում։
Որոշման նախագծում նշվում է, որ փողոցն անվանափոխելու հարցով Երևանի քաղաքապետին են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը։
«Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից»,-ասված է նախագծում:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյանների և Շահամիր Շահամիրյանի անունները կրող փողոցներ: Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման 15-րդ կետի՝ նույն անվամբ կարող է անվանակոչվել բնակավայրի միայն մեկ բաղադրիչ: Արգելվում է միևնույն բնակավայրում անանուն ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը նույնատեսակ անվանումները կրկնող անուններով կամ համարներով:
Նիստում, հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվել և ընդունվել է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիր Շահամիրյան փողոցն անվանափոխել Շահամիրյանների փողոց՝ նպատակ ունենալով հավերժ պահել հայ մեծանուն մտածողներ հայր և որդի՝ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունները:
Երևանի ավագանու նիստում ընդունված այս և այլ որոշումների մանրամասները՝ տեսանյութում։