Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցի տեսանյութը՝ նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Ի դեպ՝ տեսանյութում մի կին, մոտենալով Փաշինյանին` ասում է, թե սկզբից մինչև վերջ եղել է նրա կողմից, այնուհետ՝ հավելում․
«Երեխուս որ կորցրի, չուզեցի քեզ կորցնեմ, ես շատ հույսեր ունեմ: Ցավս մի քիչ թեթևացավ, որ դու մնացիր, շատ շնորհակալ եմ»:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով: Ձայների առավելությամբ երկրորդ տեղում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 268 300 քվե, կամ ձայների 21.04%-ը, իսկ անցողիկ շեմը չհաղթահարած, սակայն ձայների հարաբերակցությամբ երրորդ տեղում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 66 647 ընտրող/5.23%:
«Հայաստան» դաշինքն, ի դեպ, հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վստահություն չեն ներշնչում, դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում: