«Լուսավոր Հայաստան»-ը հարգում է ժողովրդի որոշումը ու շարունակելու է ներքաղաքական համերաշխության հարցը պահել օրակարգում - RadioVan.fm

Онлайн

«Լուսավոր Հայաստան»-ը հարգում է ժողովրդի որոշումը ու շարունակելու է ներքաղաքական համերաշխության հարցը պահել օրակարգում

2021-06-21 17:17 , Политика, 846

«Լուսավոր Հայաստան»-ը հարգում է ժողովրդի որոշումը ու շարունակելու է ներքաղաքական համերաշխության հարցը պահել օրակարգում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն՝ ստացել է 15 571 ձայն կամ քվեների 1.22 տոկոսը, ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։

Միաժամանակ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ հայտարարում, որ շարունակելու է ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում և վերահաստատում համոզմունքն առ այն, որ մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով: Ձայների առավելությամբ երկրորդ տեղում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 268 300 քվե, կամ ձայների 21.04%-ը, իսկ անցողիկ շեմը չհաղթահարած, սակայն ձայների հարաբերակցությամբ երրորդ տեղում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 66 647 ընտրող/5.23%:

«Հայաստան» դաշինքն, ի դեպ, հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վստահություն չեն ներշնչում, դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում:

Лента

Рекомендуем посмотреть