Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Նա հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին:
Հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները՝ հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Հաջողություն եմ մաղթում նաև ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին: Համոզված եմ՝ ստացած յուրաքանչյուր քվե պետք է ծառայեցվի համազգային շահերին ու իղձերին՝ կայուն, կառուցողական ու հարգալից քաղաքական միջավայրում: Պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները մեզ այլ ուղի չեն թողնում, քան դեմ հանդիման կանգնել դրանց և միասնական ջանքերով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները դարձնել ավելի անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք մեր ժողովրդի համար՝ հանուն մեր գալիք սերունդների ու Հայոց Հայրենիքի հարատևման»:
Նշենք՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ստորագրել էհունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը:
«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 մլն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1067, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 595 հազար 334: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 282 հազար 411 կամ 49.4 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4682 է»,-տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմ քվեարկած ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Արդար Հայաստան» կուսակցություն- 3922 կամ 0.31 տոկոս
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19690 կամ 1.54 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 687414 կամ 53.92 տոկոս
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4623 կամ 0.36 տոկոս
«Ազատություն» կուսակցություն- 1844 կամ 0.14 տոկոս
«Պատիվ ունեմ» դաշինք -66647 կամ 5.23 տոկոս
«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 957 կամ 0.08 տոկոս
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15571 կամ 1.22 տոկոս
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12164 կամ 0.95 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն- 38730 կամ 3.04 տոկոս
«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13119 կամ 1.03 տոկոս
«Ազատ Հայրենիք» դաշինք- 4136 կամ 0.32 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50419 կամ 3.95 տոկոս
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5021 կամ 0.39 տոկոս
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15546 կամ 1.22 տոկոս
«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3773 կամ 0.3 տոկոս
«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19145 կամ 1.5 տոկոս
«Ազգային օրակարգ» կուսակցություն- 721 կամ 0.06 տոկոս
«Վերելք» կուսակցություն- 1259 կամ 0.1 տոկոս
«Ազատական» կուսակցություն- 14935 կամ 1.17 տոկոս
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2786 կամ 0.22 տոկոս
«Հայաստան» դաշինք- 268300 կամ 21.04 տոկոս
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն- 18773 կամ 1.47 տոկոս
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3561 կամ 0.28 տոկոս
Անճշտությունների գումարային չափը 1110 է:
ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերջնական կամփոփի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը: