«Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց է համարում՝ ընդգծելով, որ դրանք վստահություն չեն ներշնչում:
«Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»,-ասված է Դաշինքի տարածած հայտարարությունում: