Այսօր ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությանը «Վե՛ր կաց, Հայաստա՛ն» կարգախոսով 1-ին համարի ներքո հանդես եկող «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
«Իմ պարտքը համարեցի խոնարհվել մեր զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ։
Փա’ռք Ձեզ, տղերք…»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկարներ։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/46 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարած Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քվեարկել է հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի խաղաղության, անդորրի։
Նա, միաժամանակ, համոզմունք է հայտնել, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում և նպաստել առաջիկա տարիներին ավելի լավ պետություն կայացնելուն:
Նորիկյանն ապավինել է հայ ժողովրդի իմաստնությանը և հույս հայտնել, որ առաջիկա օրերին յուրաքանչյուրն իրենից կախված ամեն ինչ կանի՝ զսպվածություն, հավասարակշռություն դրսևորելու համար: