«Դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը»․ հրազենից կրակել են Բաբաջանյանի մեքենայի դիմապակուն - RadioVan.fm

Онлайн

«Դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը»․ հրազենից կրակել են Բաբաջանյանի մեքենայի դիմապակուն

2021-06-20 14:45 , Право, 1169

«Դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը»․ հրազենից կրակել են Բաբաջանյանի մեքենայի դիմապակուն

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ի առավոտյան, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, Հանուն Հանրապետության ԺՊԴԿ ղեկավար Արման Բաբաջանյանի ավտոմեքենան հայտնաբերվել է դիմապակու վրա կրակոցի հետքերով:

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, նախնական տվյալներով, Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն դեռևս չպարզված հրազենից կրակոցն արձակվել է ժամը 09․30-ի սահմաններում։

Հաղորդվում է, որ դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը «վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն»:

Դաշինքը տարածած հայտարարությամբ պահանջում է իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ:

«Հասարակությանը հորդորում ենք չահաբեկվել նման ստորագույն ու ճղճիմ քայլերից՝ Հայաստանի ժողովրդավարության թշնամիների հետապնդած նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է, ինչը թույլ չենք տալու միասնաբար՝ անկաշկանդ կատարելով քվեարկություն հանուն Հայաստանի հեռանկարի և կանխելով գողապետական բարքերի վերադարձը»,-ասված է տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть