«Ընտրողը ստանում է 25 քվեաթերթիկ՝ 1-26 համարներով թվագրված, սակայն 22 համարը բացակայում է, քանի որ ինքնաբացարկ է հայտնել: Ընտորղը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները: Հանձնաժողովի անդամը պարտավոր է նրան տրամադրել բոլոր քվեաթերթիկներն ըստ հերթականությամբ՝ 1-26, կամ 26-1, որպեսզի ընտրողի համար հեշտ լինի իրականացնել քվեարկությունը: Քվեաթերթիկներով և քվեարկության ծրարով ընտորղը գնում է քվեախուց, գաղտնի կատարում իր քվեարկությունը»,-Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկության կարգը ներկայացնելով՝ այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը՝ նշելով, որ ընտրողը 25 քվեաթերթիկներից միայն մեկը պետք է տեղադրի ծրարում՝ առանց որևէ նշում անելու:
Նա հավելեց, որ քվեատուփին մոտենալուց չպետք է մոռանալ քվեարկության կտրոնը, որը պետք է հանձնել քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին, որից հետո ծրարի ճեղքից հանձնաժողովի անդամը ինքնասոսնձվող դրոշմանիշ կփակցնի քվեաթերթիկի վրա և դրանից հետո է միայն քվեաթերթիկը դառնում ընտրական փաստաթուղթ և հաշվարկման ենթակա:
«Ցանկացած նշում քվեաթերթիկի վրա այդ քվեաթերթիկն անվավեր կճանաչվի»,-հիշեցրեց ԿԸՀ քարտուղարը:
ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում: