ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ:
Բայց դրա համար պետք է ճիշտ սկզբունքներով ձևավորել պետությունը կառավարող մարմիններ, պետք է գնալ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուղիով:
Վաղվա քվեարկությամբ ձևավորելու ենք բարձրագույն օրենսդիր մարմին` Հայաստանի Ազգային ժողովը, որ մեր պետության կառավարման հարցում ունի հիմնարար դեր: Դրա համար էլ խորհրդարանական ու հատկապես այս ընտրությունները կենսական են բոլորիս համար:
Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը:
Ուվաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով»: