«Թշնամի երեխա չի լինում, առավել ևս... երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ «այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին...»:
Հասրաթյանը նկատում է, որ ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների՝ մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել:
«Ընդունեք որպես անձնական կարծիք»,-եզրափակում է իր գրառումը Պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք՝ երեկ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո առաջին անգամ կիրառելով ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:
Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված է եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին:
ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: