Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ՌԴ ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները՝ դրանք համարելով ընդամենը խոսակցություններ։
«Մենք չենք քննարկել այդ հարցը, իսկ ասեկոսեները չենք մեկնաբանում»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը Բելառուսի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիում։
Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադարձի ժամանակ լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Ադրբեջանի հետ հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագրի» շրջանակում այդ երկրի տարածքում կարող է ստեղծվել Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա։
«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթների շրջանակից։ Այդ հարցի զարգացումը հնարավոր է։ Այդ հարցը կարող է իր զարգացումը գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում։ Մեր բանակցությունների ընթացքում նույնպես այն կարող է յուրովի իրագործվել»,-պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե, արդյոք, հավանակա՞ն է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայումը՝ հայտարարել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ առաջնայինը Ադրբեջանի ողջ սահմանագծով անվտանգության երաշխիքների ապահովումն է ու դրա պաշտպանությունը։