«Զանգեզուրի միջանցք»-ը վկայում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ թուրք-ադրբեջանական հրապարակային պայմանավորվածություններ. ՀՀ ԱԳՆ-ն՝ «Շուշիի հռչակագրի» դատապարտմամբ - RadioVan.fm

Онлайн

«Զանգեզուրի միջանցք»-ը վկայում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ թուրք-ադրբեջանական հրապարակային պայմանավորվածություններ. ՀՀ ԱԳՆ-ն՝ «Շուշիի հռչակագրի» դատապարտմամբ

2021-06-17 22:30 , Политика, 1116

«Զանգեզուրի միջանցք»-ը վկայում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ թուրք-ադրբեջանական հրապարակային պայմանավորվածություններ. ՀՀ ԱԳՆ-ն՝ «Շուշիի հռչակագրի» դատապարտմամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) այսօր մեկնաբանություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Շուշիում հունիսի 15-ին ստորագրված հռչակագրի առնչությամբ:

Մեկնաբանությունում հիշեցնելով, որ գերատեսչությունն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք, ընդգծվում է՝ նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը։

«Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։

Վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։

Հատկանշական է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿհամընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։

Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից»։

Հիշեցնենք՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաք հունիսի 15-ին կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրել են ռազմական փոխօգնություն և համագործակցություն ենթադրող «Դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիր», որը, ինչպես հայտարարվել է, հիմնված է Կարսի պայմանագրի վրա, հստակ դրույթներ է պարունակում «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ:

ՀՀ-ԱԳՆ-ն նույն օրը խստորեն դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանի և Ալիևի համատեղ այցն Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական Շուշի, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «հարևան երկրների ղեկավարների այցերը մեկնաբանելը Հայաստանի արտգործնախարարության իրավասության մեջ չէ». պաշտոնական Բաքուն միաժամանակ ընդգծել է.

«Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարություն չկա, մենք կցանկանայինք տեղեկացնել նրանց, ովքեր մնացել են այդ կառույցում և նրանց, ովքեր պատրաստել են այս հայտարարությունը, որ երկիրը չի կարող գրավել իր տարածքները, բայց կարող է միայն դրանք ազատել բռնազավթումից»:

Лента

Рекомендуем посмотреть