Հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ 275 զինծառայող և քաղաքացիական անձ կա - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ 275 զինծառայող և քաղաքացիական անձ կա

2021-06-17 14:53 , Общество, 1187

Հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ 275 զինծառայող և քաղաքացիական անձ կա

2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։ Այդ մասին պարզաբանում է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ անդրադառնալով զինծառայողների թվաքանակի վերաբերյալ հունիսի 16-ին համացանցում շրջանառվող տեղեկություններին։

Նշենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ հունիսի 16-ին Կոտայքի մարզում հանդիպմանը հայտարարել է, որ անհայտ կորածների թիվը 1064 է, մինչդեռ Ազգային ժողովում հայտարարվել է 321-ի մասին։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին. Զինվորների ապահովագրության հիմնադրամը ապրիլ ամսին զեկուցում է կառավարությանը, որ անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարում է, որ անհետ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Ավելի ուշ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց դա փաստող ներքոնշյալ փաստաթուղթը։

ՀՀ քննչական կոմիտեից՝ արձագանքելով՝ պարզաբանում են․

«Քրեագիտական վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք դրսևորելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննություն է իրականացվում ագրեսիայի ակտի հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայտնաբերման ուղղությամբ։

2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։

Քրեական վարույթի շրջանակներում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։

2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը։

Մասնավորապես, հարկ է նշել, որ ռազմական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով, «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ և «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2180-Լ որոշումներով, որոնց համաձայն գտնվելու վայրն անհայտ զինծառայողը ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ համապատասխան տվյալների ստուգման արդյունքում, որոնք ամփոփվում են ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական և սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ծառայողների կողմից և ուղարկվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Նշված միջոցառումների արդյունքում նոր անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ և ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ»։

Հավելենք՝ այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ևս հակադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով․

«Հազարից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին և նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»։

Лента

Рекомендуем посмотреть