«Սյունիք կատարած մեր այցից հետո այնտեղ հետցնցումներ են սկսվել»,-Սյունիքի մարզի Վայք քաղաքում նախընտրական հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենի այսօր տարածած հայտարարությանը:
Նշենք՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը, արձագանքելով վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Կապանում հրավիրված հանրահավաքում հնչեցրած հայտարարություններին առ այն, թե «կոմբինատում փայ ունեցող տեղական օլիգարխիկների փայերը անցնելու են ժողովրդին ու կառավարությանը», այսօր հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Փաշինյանի արտահայտությունները գնահատում է «որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդորներով»։
«Ես զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,-այսօր Վայքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին նշելով, որ բոլոր կոռումպացված տեղացի պաշտոնյաների փայերը վերադարձվելու են ժողովրդին, կառավարությանը:
Նա նշեց, որ այդպիսի առավել ակտիվ պաշտոնյաների ցուցակն ունեն. «Մենք խորհուրդ ենք տալիս չթպրտալ, հանգիստ սպասել, մինչև իրենց ճակատագիրը կորոշվի, նրանք առնվազն կհեռացվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից… Մի քանի գյադա-գյուդա էլ կան, նրանց երգն էլ երգված է, խորհուրդ կտամ ասֆալտի վաննաներ ընդունել»:
Փաշինյանը, միաժամանակ, նկատեց․
«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը սկսվեց Շիրակի մարզից, չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու․ Սյունիքի ժողովուրդը ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային»։
Վայքում Փաշինյանի ելույթի մանրամասները՝ նրա հրապարակած տեսանյութում։
Նշենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Փաշինյանի կողմից «կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը» խիստ մտահոգիչ է համարել։
Պողպատե մուրճը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել Եղվարդի քաղաքացիներից մեկից՝ հունիսի 13-ի քարոզարշավի ժամանակ։ Նա ցուցադրելով գործիքը՝ հայտարարել էր․
«Սա, կարծում եմ, որ պողպատե մանդատի շատ ճիշտ արտահայտումն է, որովհետև սրանով կարելի է հանել նրանց, ում պետք է հանել, կարելի է մեխել այնտեղ, որտեղ պետք է մեխել, կարելի է կառուցել այնտեղ, որտեղ պետք է կառուցել, և կարելի է ջարդել այնտեղ, որտեղ պետք է ջարդել: Այնպես, որ սա շատ կարևոր խորհրդանիշ է, բայց առաջին հերթին սա կառուցման խորհրդանիշ է, որովհետև մեր խնդիրն է Հայաստանը կառուցել նորովի»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը