Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությանը «Վե՛ր կաց, Հայաստա՛ն» կարգախոսով 1-ին համարի ներքո հանդես հանդես եկող «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Սիրելի՛ բարեկամներ
Մենք ապրում ենք մեր պատմության բախտորոշ շրջափուլերից մեկը:
Հասկանալի պատճառներով հայտնվել ենք գոյաբանական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամում:
Կորցրեցինք մեր հայրենիքի զգալի հատվածը:
Հազարավոր հայորդիներ զոհեցին իրենց կյանքը, ո՛ր ապրի Հայաստանը:
Խոնարհվում եմ նրանց լուսավոր հիշատակի առաջ:
Հունիսի 20-ին Դու՛ք որոշելու եք, թե ովքեր են ձևավորելու նոր իշխանությունը:
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը ստիպում է հիմնովին վերափոխել մեր հանրային օրակարգը:
Մենք պարտավոր ենք հստակեցնել, թե առաջիկա տարիներին Հայաստանն առաջնորդվելու է խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի հայեցակարգով, ինչպիսի՞ն պետք է լինի մեր պաշտպանական ու անվտանգային համակարգը, ինչպես նաև պետության կառավարման կառուցվածքը։
Մեզ յուրովի ազգային ուխտ է անհրաժեշտ, ազգային իրատեսական և բացառապես սեփական հնարավորությունների վրա հիմնված նպատակ:
Սիրելի՛ հայրենակիցներ
«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է կարգ ու կանոն հաստատելու ևվերջ դնելու անիշխանությանը:
Մենք գալիս ենք աշխատելու, արդարություն և հանրային համերաշխություն հաստատելու, արդար միջավայր, արդար հասարակություն և արդար պետություն կառուցելու:
Ցավոք սրտի, 2018թ. տեղի ունեցած հեղափոխությունը չարդարացրեց հասարակության սպասելիքները, երկիրը չմտավ որակապես նոր, բարեկեցիկ Հայաստան կառուցելու հուն:
«Թավիշի» քողի տակ քողարկվեց հանցավոր անգործությունը, օրենքների կամայական կիրառումը, ոչ պրոֆեսիոնալիզմը, որոշ իշխանավորների մեծամիտ ու ամբարտավան պահվածքը, համատարած սուտն ու պոպուլիզմը:
Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ,
-երբ բազմաթիվ հանցագործներ մնացին անպատիժ, իսկ այսօր սպառնում են գալ իշխանության,
-երբ քաղաքական դաշտում իսպառ վերացավ ապագային միտված քաղաքական բանավեճը՝ տեղը զիջելով նախկինների ու ներկաների անվեջանալի գզվռտոցին,
Սիրելի՛ բարեկամներ
Հայաստանում խաթարվել է ուժեղ լինելու չափանիշը:
Եթե դու չե՛ս թալանել, չե՛ս գողացել, չե՛ս սպանել, չե՛ս կեղծել, կոռուպցիայի մեջ թաթախված չես եղել, ուրեմն դու ուժեղ չես:
Մեր նպատակն է փոխել ուժեղի չափանիշը:
Ամենամեծ ուժը կրթությունն է ու գիտելիքը ու սեփական քրտինքով հաջողության հասնելը:
Տարիներ շարունակ թե՛ ներսից, թե դրսից մեզ ծնկի են բերել, խեղճացրել են, նվաստացրել են ու հոգեպես ջարդել են:
Մեր երկիրը զավթել են դրսից, հիմա ձգտում են զավթել նաև ներսից:
Ուրեմն՝ վե՛ր կաց, Հայաստա՛ն, վե՛ր կաց և ցույց տուր, որ դու կամք ունես, որ դու արժանապատվություն ունես, որ դու կարող ես գիտակից և քաղաքակիրթ ընտրություն կատարել:
Վե՛ր կաց և ցույց տուր, որ դու բարեկեցիկ և անվտանգ ապրելու իրավունք ունես, Վե՛ր կաց, Հայաստա՛ն, ընտրի՛ր, քվեաթերթիկ համար 1, արդա՛ր Հայաստան...»։