«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին, համապետական հանրահավաք ու երթ է անելու Երևանի Հանրապետության հրապարակում։
Այդ մասին այսօր Սիսիանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման որոշում են կայացրել, քանի որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես այդ օրը այդ վայրում հանրահավաք էր նախատեսել։
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արման Վարդևանյանը երեկ հայտնել էր, որ տեղեկություն ունենալով, որ հունիսի 17-ի համարհրապարակում հավաք անցկացնելու համար իրազեկում է ներկայացրել«ներկայիս ժամանակավոր և հեռացող իշխանության ներկայացուցիչը», իրենք, հաշվի առնելով ռիսկերը, բացառել էին այդ օրը հավաքի անցկացումը և հայտը ներկայացվել էր հունիսի 18-ի համար։
«Սակայն տեղի ունեցավ այն, որ հակառակ կողմը մեր նման մոտեցում չցուցաբերեց։ Նրանք հունիսի 18-ին հանրահավաք անցկացնելու համար դիմում են ներկայացրել, չնայած մեր կողմից ներկայացվել էր մինչև ժամը 21։00-ն, քաղաքապետարանը որոշել էր, որ պետք է հավաքն ավարտվի 20։00-ին և սկսի հաջորդ ուժի հավաքը։ Նման որոշում կայացվել էր նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էրռիսկերի մասին, եթե երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի հավաքը տեղի ունենա նույն վայրում»,-ասել էր Վարդևանյանը՝ նշելով, որ վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն, այդուամենայնիվ, «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է ժամը 21։00-ին։
Նիկոլ Փաշինյանն, ահա, այսօր սիսիանցիների հետ հանիպմանը հայտնելով համապետական հանրահավաքի օրը փոխելու մասին՝ ընդգծեց․
«Սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի։ Մենք, այդ հաշվարկը հաշվի առնելով, նրանց այդ հնարավորությունը չենք տալու և հայտարարում եմ համապետական հանրահավաք հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին։ Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից, գյուղերից մեր համակիրները հավաքվում են Հանրապետութան հրապարակում հունիսի 17-ին՝ 20։00-ին։ Իսկ հունիսի 18 ես ուղիղ զրույց և խոսակցություն կունենամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։
Սիսիանում ընտրաողների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մանրամասները՝ նրա հրապարակած տեսանյութում։