ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:
«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»,-ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2021 թվականի փետրվարի 20-ին հայկական գրանցում ունեցող ամերիկյան արտադրության Boeing B737-300 օդանավը չարտոնված թռիչք է կատարել՝ Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվելով Թեհրանում: Քաղավիացիայի կոմիտեի փոխանցմամբ՝այն ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց օդանավակայանում: