Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին՝ հունիսի 10-ին, տեղի է ունեցել Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր:
Խորհրդակցության ավարտին եպիսկոպոսները երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարություն են ընդունել, որում ասված է․
«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։
Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։
Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։
Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծովգայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։
Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։