«Մենք էլ անկլավ ունենք, Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ և մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչ Ադրբեջանի հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»,-այս մասինայսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը պատրաստ է եղել 2020-ի նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրել այն տեսքով, որում եղել է անկլավների հարցը։
Փաշինյանն ընդգծեց, որ անկլավների թեման բանակցությունների սեղանին դրվել է 98-99 թվականներին, սակայն 2020-ի նոյեմբերին ինքը հստակ դիրքորոշում է արտահայտել և այդ կետը հանվել է, թեև, նրա ներկայացմամբ, եղել են մարդիկ, ովքեր ասել են «այդ տարբերակով պետք է այդ թուղթը ստորագրել»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ, օրինակ, Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, ասաց․
«Մենք սա էլ դրել ենք բանակցային սեղանին և ասել ենք՝ հարցերը պետք է քննարկել ընդհանուր տրամաբանության մեջ և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված ձևերով»։
Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիման մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։