«Այսօր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,-այդ մասին այսօր, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով երեկ ապարանցիների հետ հանդիպմանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մարտահրավեր-առաջարկի ընդունումը։
Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 8-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչության հետ հանդիպմանը, անդրադարձել էր քարոզարշավի առաջին օրը՝ հունիսի 7-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում արած հայտարարությանն առ այն, թե «Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»։
Սերժ Սարգսյանն, ահա, արձագանքելով, ասել էր․
«Լավ, դա մա՞րդ է, խիղճ ունի՞: Ինքը չի հասկանում, թե այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի հասկանում, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե երբ են իրենց բռնաբարելու, սպանելու, երբ են խոշտանգելու: Ո՞նց կարող է այդպիսի բան լինել: Ինքը հասկանո՞ւմ է՝ այդ մարդիկ ինչ վիճակում են: Դե՝ պետք է թքես այդպիսի ղեկավարի վրա: Հիմա ասում եմ՝ թող իր երեխուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի: Մի հատ տեսեմ՝ դրանից հետո ինքն այդպե՞ս է խոսելու ռազմագերիների մասին: Իր համար ի՞նչ տարբերություն: Միշտ իր երեխաներին օգտագործել է իր փիառի համար, գոնե այս պարագայում օգուտ կունենանք, երկու-երեք տասնյակ զինվոր հետ կվերադառնա: Բայց պարզ է չէ, որ չի անի: Իսկ եթե դու վախենում ես դիմադրել, պարզ է չէ, որ նրանք գալու են, անելու են։ Արել են, տեսնում ես չի ստացվում բանակցություններով, դու էլ արա, 10-ն էլ դու վերցրու, 20-ն էլ դու վերցրու ու փոխանակի: Նորից եմ կրկնում՝ իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա և այն ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի»։
Երեկ, Ապարանում քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այդ խոսքերին, ասել էր․
«Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց, պաշտոնապես եմ ասում»։
Նշենք՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ երեկ անդրադարձել էր նաև Փաշինյանի որդին՝ Աշոտը։
«Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով,
Միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ.
Որոշ քաղաքական շրջանակներ շահարկելով այս թեման կարծում են, որ մեր համար սեփական ես-ը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում.
Էնտեղ որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռվել, զոհվել, զոհաբերել ինքներս մեզ.
Նրանց բոցաշունչ ելույթները անշուշտ պետք է նշանակեն, որ նրանք գիտեն իրատեսական գեթ մեկ տարբերակ "գործարքը" իրականացնելու, ինչը ես ինքս երբեք չեմ իմացել հենց այդ պատճառով լռել եմ պատրաստակամությանս մասին.
Եվս մեկ անգամ ասում եմ, պատրաստ եմ, ամեն պահի,
Թող զբաղվեն, այլ դեպքում նրանց ելույթներն ու արտահայտությունները լոկ էժանագին շանտաժ են, որոնք փորձում են, բայց երբեք չեն կարող կասկածի տակ դնել մեր ազնվությունը, ամենը զոհելու մեր պատրաստակամությունը.
Վիվա Ռեվալուցիա~»։
Հավելենք՝ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Բաքվի բանտերից Հայաստան է վերադարձվել 72 հայ այն դեպքում, երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հղած նամակում ընդգծել է, որ Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում։