Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում մայրաքաղաքի փողոցներում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի դեպքերի մասին։
Քաղաքացիներին, արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին հորդորվում էառավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից մեկին՝ անզուգական գեղեցկությամբ ջրաշուշանին։
Միաժամանակ հիշեցվում է, որ կարմիրգրքյան տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի։
Այսպես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով։